среда, 6 апреля 2016 г.

Ցտեսություն

Ինչպես ասել է Կարլեյկը «Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ: Սակայն մարդկանց մեծամասնությունը կարողանում է միայն փայլել, բայց ոչ կշռադատել»:
Իհարկե, շատ ճիշտ և տեղին է ասված: Մարդկանց մեծամասնությունը փորձում է փայլել միայն արարքներով, սակայն պետք է նաև հասկանալ, որ գիտելիքն ունի չափազանց մեծ դեր և նշանակություն:
Ոչինչ ինձ չէր կարող այնքան բան տալ, ինչքան տվեց դպրոցը : Գիտելիք, դաստիարակություն, ճիշտ մտածելակերպ..երկար կարելի է թվել : Կարծում եմ` դպրոցական տարիները յուրաքանչյուրիս կյանքի ամենապայծառ և հետաքրքիր տարիներն են եղել: Բայց ընդամենը երկու ամիս, և ստիպված կլինեմ  լքել ինձ համար շատ հարազատ դարձած դպրոցը: «Շրջանավարտ»  կոչվածի կարգավիճակում հայտնվելուն վաղուց եմ սպասել, բայց հասկանում եմ, որ այնքան էլ երանելի չէ: Չեմ ուզում պատկերացնել, որ պետք է սովորեմ մի վայրում, որտեղ չեն լինելու ընդհանուր պարապմունքներ, մեդիաուրբաթներ, անմոռանալի ճամփորդություններ,  վարպետության դասեր և, որ ամենագլխավորն է, ապակիներին կփոխարինեն պատերը: 


Կրթահամալիրում սովորել եմ ընդամենը երկու տարի, սակայն այն ինձ շատ-շատ բան տվեց . ընկերներ, որոնց հետ,  հուսամ, հետագայում էլ  կշարունակեմ  շփումս , ազատ ստեղծագործելու հնարավորություն և համարձակություն, փոխվեց մտածելակերպս , ազատվեցի մի շարք բարդույթներից , սկսեցի ավելի լավ հասկանալ կյանքի լավ ու վատ կողմերը : Չեմ կարող չնշել ուսուցիչներիս, որոնք, գիտելիք տալուց բացի, ամեն կերպ օգնել ու աջակցել են, օգնել ամենահարազատ մարդու նման:  Ապագա լեզվաբան եմ : Հուսամ`  չեմ փոշմանի: Դե ինչ, կկարոտեմ ամեն բան, ինչ կապված  է կրթահամալիրի հետ: Ցտեսություն, իմ արտասովո′ր ու ամենալավ դպրոց:

Комментариев нет:

Отправить комментарий